Դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու ԼՂ և արձանագրելու պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար․ Ֆրանսիայի մշակույթի նախարար

Հայաստանի հետ մշակութային համագործակցությունն ուրույն տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի քաղաքականության մեջ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Այս առումով կա հոգի, էմոցիա և մեծ ուժ։ Ես այստեղ եմ, որպեսզի ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ Ֆրանսիան Հայաստանին սատար է նաև մշակութային ոլորտում»,-նշեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

 Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ քննարկումների արդյունքում ամրապնդվել են արդեն իսկ եղած ծրագրերը։

«Նախանշված է համագործակցություն Նիմ քաղաքի Մեզոն Կյաղե հուշարձանի և Գառնու հեթանոսական տաճարի միջև, որովհետեւ Նիմ քաղաքի հայտնի այս հուշահամալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Դա շատ լավ սկիզբ է, որպեսզի այս համատեղ համագործակցության ներքո Գառնու հեթանոսական տաճարը ևս  ապագայում կարողանանք ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,-նշեց Ռիմա Աբդուլ Մալակը։

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար:

Ըստ Ֆրանսիայի մշակութային գերատեսչության ղեկավարի՝ համագործակցություն է նախատեսվել նաև հայ-ֆրանսական բալետի երկու դպրոցների միջև։ «Մշակութային ոլորտում իրականացվելու են նաև մասնագետների վերապատրաստումներ։ Այս այցի շրջանակներում տարբեր գաղափարներ են առաջանում, որոնք վերաբերում են մշակույթի տարբեր ոլորտներին և այդ բոլորը շատ ընդլայնված են ու միտված մարմնավորվել համագործակցության ու գործընկերային տարբեր  շրջանակներում»,-հավելեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել