«Արևմտյան լրատվամիջոցները փորձում են պրովոկացիոն հարցերով նպատակադրվել առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի բազմաբնույթ կապերին»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին։

Զախարովան ասել է, թե արևմտյան լրատվամիջոցները փորձում են պրովոկացիոն հարցերով նպատակադրվել առավելագույն վնաս հասցնել «Մոսկվայի և Երևանի բազմաբնույթ կապերին»։ Ըստ նրա, այդ մեթոդներն աշխատում են։ Զախարովան հիշեցրել է, որ իրենց հետ էլ են փորձում նման կերպ վարվել, սակայն ռուսական իշխանությունները միշտ պատասխանում են, որ նախընտրում են հարցերը երկկողմ խողովակներով լուծել. «Առիթ չենք տալիս, որ պրովոկացիայի բացիլը զարգանա»,- ասել է նա։

Զախարովան մատնանշել է, թե Հայաստանն ինչ է շահում ԵԱՏՄ կազմում լինելուց, ու Ռուսաստանն ինչ ներկայություն ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ լինելով գլխավոր ներդրող։ Նա խոսել է նաև Հայաստանի սահմաններին ռուսական զորքի առկայության մասին։

Անդրադառնալով կոնկրետ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերապահումներին՝ նա ասել է. «Եթե Հայաստանի իշխանությունները համաձայնվեին ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, մի շարք խնդիրներից հնարավոր էր խուսափել։ Փոխարենը հայաստանի իշխանությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությունը, որ մոնիտորինգի անվան տակ ՌԴ-ի և Իրանի դեմ տեղեկությունների հավաքագրմամբ է զբաղված՝ բացառապես Բրյուսելի շահերի համար»,- ասել է նա։

Նա ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով, եթե Երևանը համաձայնի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել