2024-2026 թվականները շատ կարևոր նշանակություն են ունենալու․ Տիգրան Խաչատրյանը՝ դպրոցաշինության մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունը սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները՝ «ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար: Այն իրականացվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը մասնակից շինարարական ընկերությունների համար՝ միաժամանակ ապահովելով պատվիրատուի համար անհրաժեշտ երաշխիքները: Այսպիսով՝ նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը, որը գործող օրենսդրությամբ կծախսվեր տեղակապման համար հայտարարվող մրցույթի, տեղակապման աշխատանքների համար: Տեղակապումն իրականացնող անձի ընտրությունը համաձայնեցվելու է կապալային աշխատանքների պատվիրատուի հետ: Առանձնահատկություններ են սահմանվում հայտի, պայմանագրի և որակավորաման ապահովման չափի մասով:

Մասնավորապես՝ հայտի և պայմանագրի ապահովման չափը հաշվարկվելու է հրավերով տրված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված գնից՝ ընդ որում սույն պարբերությամբ նախատեսված գները մասնակցի կողմից գնային առաջարկ ներկայացնելու համար համարվում են կողմնորոշիչ, իսկ որակավորման ապահովման չափը կախված է լինելու ընտրված մասնակցի նախորդող 5 տարիների համախառն եկամուտների հանրագումարից: Ընդ որում, որքան շատ կլինի եկամուտը, այնքան քիչ որակավորման ապահովում կվճարի մասնակիցը: Նախատեսվում է նաև պահպանել ենթակապալի ինստիտուտը, սակայն սահմանվում են որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ ենթակապալով կարող է իրականացվել շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30 %-ը: Ընդհանուր առմամբ, որոշմամբ նախատեսվել է մոտեցում՝ մասնակիցների կողմից ներկայացվող հայտերի գնահատման, որակավորման ապահովման գործընթացում գործածվում է մասնակցի համախառն եկամուտի հետ կապելու տրամաբանությունը: Տարանջատվում է նաև մասնակցից պահանջվող փաստաթղթերի կազմը Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտի հանդիսացող մասնակիցների համար:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդունված որոշումը Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը մինչև 2026 թվականը ավարտին հասցնելու համատեքստում:

«2024-2026 թվականներն այդ տեսանկյունից շատ կարևոր նշանակություն են ունենալու: Մենք պետք է սկսենք և ավարտենք թվով 170 դպրոցի շինարարություն: Բայց սա դեռ ամբողջը չէ, մենք Երևանին վերաբերող մի քանի դպրոցների վերաբերյալ նույնպես պետք է որոշում կայացնենք առաջիկա օրերի ընթացքում, ինչի արդյունքում այդ թիվը կավելանա մոտավորապես 10-12-ով, դպրոցների նոր շինարարություններ, որոնք արժեքով ամենայն հավանականությամբ գերազանցելու են 400 մլրդ դրամը:

Սա նշանակում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք պետք է մեծ ծավալի աշխատանք կատարենք՝ հայտարարենք մրցույթներ, ընտրենք կապալառու կազմակերպություններին և այդ պայմանագրերը արդյունավետ ձևով կառավարելով՝ երաշխավորենք, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով և որակով իրականացվեն: Հետևաբար՝ Ֆինանսների նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մյուս գործընկերների հետ մանրամասն քննարկել ենք, թե ինչ խոչընդոտներ կան գնման ընթացակարգերում, որոնք հաճախ դանդաղեցնում են աշխատանքների կատարման ընթացքը և դուրս ենք բերել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող են լինել նման պայմանագրերի կատարման դեպքում»,-ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է փոփոխություններին և ներկայացրել դրանցից երեքը. «Նախ, որ կատարողի ռիսկերը շուկայում եղած գնային փոփոխությունների առնչությամբ նվազեցնենք: Նախատեսել ենք, որ եթե հանկարծ շինանյութերի կամ որևէ գործոնի գինը կբարձրանա ավելի շատ, քան 5 տոկոսը, ապա մենք նույն պայմանագրի ուժով լրացուցիչ վճար կկատարենք այդ գերազանցող չափով գների բարձրացման հետ կապված շինարարական կազմակերպությանը վնասները հատուցելու համար: Ի՞նչ է սա նշանակում, որ մասնակից կազմակերպությունները շատ մեծ վստահությամբ օրվա գները հաշվի առնելով տան լավագույն գնային առաջարկները և չվախենան կամ չմտահոգվեն, որ հաջորդ տարիներին, որովհետև միջին հաշվով կարող է դպրոցի շինարարությունը տևել 2 կամ 3 տարի, հաջորդ տարիների շուկայում գնային փոփոխությունների դեպքում վնասներ կկրեն: Այսինքն՝ մենք այս փոփոխությամբ, այս կարգավորմամբ ուզում ենք այնպիսի երաշխիք տալ կատարողներին, որ իրենք գնային փոփոխություններից վնասներ չեն կրելու և տան լավագույն գնային առաջարկը:

Հաջորդը, որ մենք սահմանում ենք, այն է, որ փորձառու շինարարական կազմակերպությունների համար բարձրացնում ենք ավելի մեծ չափով պատվեր վերցնելու և աշխատանք կատարելու հնարավորությունը, որը կապված է բանկային երաշխիքների հետ: Հայտի և պայմանագրի ապահովման չափը կապել ենք կազմակերպության նախորդ 5 տարիների գործունեության ընթացքում կատարված աշխատանքների ծավալի հետ, և որքան շատ աշխատանք է կատարել կազմակերպությունը, այնքան քիչ ապահովում կպահանջենք, ինչը նշանակում է, որ նույն բանկային երաշխիքի պայմաններում այժմ կարող է ավելի մեծ ծավալով պատվեր վերցնել շինարարական կազմակերպությունը: Եթե, ենթադրենք, անցյալում կարող էր 5 մլրդ դրամի աշխատանք կատարել, հիմա հնարավոր է այդ նույն բանկային երաշխիքի պայմաններում, որը իր ֆինանսական վիճակից է կախված, վերցնել 10 մլրդ դրամ շինարարական աշխատանքներ կատարելու պատվեր: Մենք սա, ինչպես նշեցի, կապել ենք արդեն կազմակերպության անցյալ տարիների գործունեության ընթացքում ունեցած փորձառության և կատարած աշխատանքների ծավալի հետ:

Եվ երրորդ հանգամանքը, որ կցանկանայի նշել այս տեսանկյունից, վերաբերում է ենթակապալառու կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքի հուսալիությանը: Այժմ պայմանագիրը չի արգելում, որ կապալառու կազմակերպությունը, աշխատանքները ճիշտ իրականացնելու նպատակով, ներգրավի ենթակապալառու կազմակերպությունների, բայց եթե մենք օրենսդրությամբ ունենք կապալառու կազմակերպություն և սև ցուցակում լինելու դեպքում գնմանը մասնակցելու սահմանափակումներ կամ արգելք կա, ապա ենթակապալառուների դեպքում չունենք: Եվ, երբեմն, այնպես է ստացվում, որ կապալառու կազմակերպությունը կարող է վերցնել պատվերը և հետո աշխատանքի մի մասը փոխհատուցել այնպիսի կազմակերպության, որ պետության գնումների առնչությամբ ունեցել է խնդիրներ և խնդիրներ ստեղծել մեզ համար, որպեսզի այդ ռիսկը կառավարենք: Մենք նաև սահմանել ենք, որ այդ ենթակապալառու կազմակերպությունները նույնպես, այսպես ասած, սև ցուցակում չպետք է լինեն, որ հնարավոր լինի աշխատանքի մի մասը արտապատվիրել երրորդ կազմակերպության:

Ես նորից այս մասին մանրամասն խոսում եմ այն պատճառով, որ արդեն առաջիկա շաբաթների ընթացքում մենք մեծ թվով մրցույթներ ենք բացելու: Հրավիրում ենք բոլոր շինարարական կազմակերպություններին ուշադիր հետևել այդ մրցույթների ընթացքին և, իհարկե, մասնակցել: Սա հնարավորություն է, որպեսզի նախ մենք մեր ծրագիրը ժամանակին սկսենք և ավարտենք: Եվ շինարարական կազմակերպությունները, տեսնելով երաշխավորված գալիք երեք տարիների էապես ավելացված ծավալներով պատվեր, ներգրավեն տեխնիկական նոր միջոցներ, նոր մարդկանց հրավիրեն աշխատանքի և աշխատանքները կատարեն այնպես, ինչպես մենք նախատեսել ենք: Նորից եմ ուզում նշել, որ մեզ համար շատ կարևոր է լինելու աշխատանքների ժամանակին կատարումը և որակով կատարումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել