Որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է վերահսկողություն ունենա. Փաշինյանը՝ Ադրբեջան-Նախիջևան կապի մասին

Անվտանգության ոլորտի Հայաստանի պատկերացումները, առաջին հերթին, հենվում են նրա վրա, որ մենք պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի: Եվ Հայաստանն էլ միջավայրի համար պետք է լինի կանխատեսելի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարցազրույցում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով հարցին՝ «Երբ խոսում եք ձեր հարաբերությունների դիվեսիֆիկացման մասին, ի՞նչ նկատի ունեք դա ասելով, ի՞նչ կարող են անել այլ պետությունները: Այլ գործընկերների ռազմական ներկայությո՞ւն եք ակնկալում, ամերիկյան կամ ֆրանսիական ռազմաբա՞զա, թե գուցե Հնդկաստանի՞։ Գործնականում, ինչպե՞ս եք դա տեսնում», Նիկոլ Փաշինյանը շեշտել է. «Ես ուզում եմ ասել, որ մենք ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով՝ հասկանում ենք միայն բանակ, միայն զենք, որովհետև, ցավոք, շատ դեպքերում ենք մենք տեսնում, որ կան երկրներ, որոնք զենքի խնդիր չունեն, բայց անվտանգության խնդիր ունեն: Եվ կան երկրներ, որ զենքի խնդիր ունեն, բայց անվտանգության խնդիր չունեն: Իհարկե, դա կապված է բազմաթիվ հանգամանքներից, միջավայրից և այլն:

Հիմա, անվտանգության ոլորտի մեր պատկերացումները, առաջին հերթին, հենվում են նրա վրա, որ մենք պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի: Եվ մենք էլ միջավայրի համար պետք է լինենք կանխատեսելի: Այսինքն՝ սպառնալիքները, ընդհանրապես, փոխադարձ են լինում, և երբեմն շատ դժվար է լինում գտնել մեկնարկի կետը, որովհետև դա միշտ հավի ու ձվի պատմությունն է: Ու երբեմն իմաստ էլ չի ունենում գտնել մեկնարկի կետը, որովհետև դրանից որևէ բան չի փոխվում: Եվ երբ մենք ասում ենք մեր անվտանգային հարաբերությունների կարգավորում՝ անվտանգային հարաբերությունների կարգավորում չենք հասկանում, որ պետք է գնանք ուրիշ տեղերից զենք բերենք և կրակենք մեր հարևան պետությունների վրա: Այդ նույն անվտանգային ոլորտում մենք պետք է հարաբերություններ ձևավորենք նաև մեր հարևանների հետ, որպեսզի անվտանգային ճիշտ հարաբերություններ կառուցենք»:

Նա անվտանգային քաղաքականության շատ կարևոր մասեր  է համարել Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիան, տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչումը, կոմունիկացիաների բացման կանոնները, դրանք բոլորը: «Եվ, մանավանդ, հիմա կարծում եմ՝ այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ այդ մոտեցումն առնվազն հնացած է, որ կարելի է ունենալ շատ զենք, կարելի է ունենալ շատ ուժեղ բանակ և արտադրել զենք, ներմուծել և կրակել: Երկարաժամկետում դա երբեք լավ արդյունքների չի բերի և կարճաժամկետում միշտ չէ, որ լավ արդյունքների է բերում: Եվ հենց դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև արտաքին քաղաքականության համատեքստում անվանում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն: Դրա մեջ նաև նկատի է առնվում մեր հարևանությունը, մեր միջավայրը, մեր տարածաշրջանը:

Գիտեք, այն մոտեցումը, որ ինչ-որ տեղ մենք պետք է դաշնակիցներ գտնենք, զենք բերենք, որ կրակենք մեր հարևանների վրա, դա մեր մոտեցումը չէ: Իհարկե, մենք մտավախություններ ունենք, որ մեր հարևանները կկրակեն մեզ վրա: Նաև այդ մտավախություններն է պետք կառավարել: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ցանկացած ժամանակակից երկիր պետք է և իրավունք ունի ունենալ ժամանակակից բանակ, իրավունք ունի զարգացնել զինված ուժերը, իրավունք ունի իր անվտանգային կարիքները բավարարել նաև այս կոմպոնենտով: Բայց իմ արձագանքի, պատասխանի իմաստն այն է, որ մեր պատկերացումն այն չէ, որ միայն բանակով է պետք անվտանգություն ապահովել, նաև տարածաշրջանում խաղաղության գնալու…: Ես, իմիջիայլոց, հենց Եվրոպական խորհրդարանի իմ ելույթում ասացի, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղություն ասելով:

Մենք խաղաղություն ասելով նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր երկրների սահմանները բաց են միմյանց համար նույն սկզբունքներով, նկատի ունենք, որ այդ երկրները կապված են տնտեսական կապերով, կապված են քաղաքական երկխոսությամբ և խոսակցությամբ, կապված են մշակութային կապերով: Տեսեք, այստեղ զենքի մասին խոսք չկա: Բայց սա անվտանգության ապահովման կարևոր կոմպոնենտ է: Ինչո՞ւ, որովհետև սա է հնարավորություն տալիս, որպեսզի դիմացինդ քեզ ավելի լավ հասկանա, և դու դիմացինին ավելի լավ հասկանաս:  Սա է հնարավորություն տալիս, որ ձևավորվեն փոխադարձ կապվածություններ, և մյուսի անվտանգությունը, դիմացինի անվտանգությունն ինչ-որ տեղ կարևոր է դառնում նաև քեզ համար, և քո անվտանգությունը կարևոր է դառնում նաև դիմացինի համար, որովհետև հակառակ դեպքում կարող են առաջանալ տնտեսական ռիսկեր, քաղաքական ռիսկեր և այլն և այսպես շարունակ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

«Դուք խոսեցիք փոխկապակցվածության մասին, ինչը ենթադրաբար ներառում է նաև տրանզիտ Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Առկա համաձայնություններով նախատեսվում է, որպեսզի Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը կառավարի այդ երթևեկությունը։ Կարծում եք ԱԴԾ-ն իսկապե՞ս պետք է այստեղ դերակատարում ունենա, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն, առանց Ռուսաստանի ներգրավվածության կարող են այդ հարցը լուծել» հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի: Նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում, երբ պետք է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացվեն: «Որևէ տեղ գրված չէ, որ Ռուսաստանի Դաշնության որևէ մարմին Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայն է կամ նախատեսված է Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի կրճատման կամ սահմանափակման: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին վերապահվող որևէ գործառույթ պետք է պատվիրակվի որևէ այլ մեկի: Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն: Այդպիսի բան գրած չի եղել:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, և այդ հարցերը լեգիտիմ են, որովհետև, ձախողում ասելով, ես նկատի ունեմ, որ փաստ է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը: Այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում, բայց մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի սահմանափակման մասին որևէ տեղ երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ:

Բայց մյուս կողմից ուզում եմ ասել, որ ինչպես արդեն Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ասացի, և ինչպես մենք արդեն պայմանավորվել ենք Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ և որն արտահայտված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ի հայտարարության մեջ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության հիման վրա:

Արդյոք դրա արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Նախիջևանի հետ տրանսպորտային կապ ունենան, այդ թվում՝ Հայաստանի տարածքով: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այդ նույն ուղիները կարող է օգտագործել իր տարբեր հատվածների միջև, օրինակ, երկաթուղային կապ ապահովելու համար: Այո, իհարկե: Արդյոք Ադրբեջանն այդ պարագայում կարող է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ուղիները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանը պիտի հնարավորություն ունենա օգտագործել Ադրբեջանի ճանապարհները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք միջազգային առևտրի մասնակիցները պիտի հնարավորություն ունենան Հայաստանի տարածքով իրենց առևտուրն իրականացնել Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ՝ որպես գլոբալ առևտրի ճանապարհ: Այո, իհարկե: Եվ մենք այս առաջարկն անում ենք, մենք այս լուծմանը պատրաստ ենք և այդ առաջարկն անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ» և հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին միասին իրականություն դարձնել այդ նախագիծը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել