Ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել․ ԱՆ

Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ:

Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:

Հոկտեմբերի 25-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք:

Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:

Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:

Նշենք, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել