Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Մհերի Խաչատուրյնի, Անահիտ Արամի Հակոբյանի և Մանվել Սամվելի Շահվերդյանի թեկնածությունները:
Ներկայացված երեք թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու:
Թեկնածություներին ներկայացնում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը ներկայացնելիս, ԲԴԽ նախագահը նշեց, որ նա ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Եղել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, զբաղվել է դասախոսական աշխատանքով: 2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Դավիթ Խաչատուրյանը ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Կարեն Անդրեասյանին հարց ուղղեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հարցնելով, որ եթե Դավիթ Խաչատուրյանը ընտրվի դատավորի պաշտոնում, ապա ԲԴԽ կազմում թափուր տեղ է լինելու, այդ պարագայում՝ ԲԴԽ նոր անդամը ի՞նչ ժամկետով է պաշտոնավարելու՝ ամբողջ, թե այնքան, որքան մնացել էր պաշտոնավարելու Խաչատուրյանին։ Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ նոր անդամը կպաշտոնավարի լրիվ ժամկետով։
Ելույթով հանդես եկավ Դավիթ Խաչատուրյանը։