Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց եւս ներառել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել է, որ նախագիծը վերաբերում է մեկ մարդու, որը եւս պետք է ընդգրկված լինի իրականացվող սոցիալական ծրագրերում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: