Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մերժել է Նարեկ Մալյանին կալանավորելու որոշման դեմ իմ բողոքը։ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․
«Հատկանշական է, որ «թշնամանք հրահրելու» մեջ մեղադրվող Մալյանի կալանքի հարցը վերաքննիչում լուծել է այն նույն դատավորը, որն անցյալ տարի՝ «Դիմադրության» շարժման օրերին, անփոփոխ էր թողել նույն հոդվածով մեղադրվող լուսահոգի Արմեն Գրիգորյանի կալանքը։ Ընդ որում, երկու դեպքում էլ վարույթն իրականացվել է ԱԱԾ քննչականում։
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 20-ից անազատության մեջ պահվող Մալյանը մեղադրվում է նախորդ օրը Հանրապետության հրապարակում կատարված լայվի համար։ Այդ լայվում նա, ի թիվս այլի, նշում է, որ կարող է մարդկանց առաջնորդելով՝ կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ։
Հիշեցնեմ նաև, որ արտաքին աշխարհի հետ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունը փակ է»։