Չարաշահումներ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2000թ. հոկտեմբերից մինչև 2006թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Բ.Ք.-ն, պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 12 և 13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող 6452.68քմ մակերեսով հողամասը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերն օտարելու՝ նրա սեփականությունը դարձնելու նպատակով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման ղեկավարին 2002թ. օգոստոսին հասցեագրված գրության մեջ մտցրել է բովանդակությամբ կեղծ մի քանի տեղեկություններ այն մասին, որ Երևանի քաղաքապետի՝ 1998թ. հոկտեմբերի որոշման հիմքով, հողի վարձակալության 1999թ. սեպտեմբերի 23-ի պայմանագրով նշված հասցեներին հարող տարածքում գտնվող, նախկին պատգամավորի դստեր անվամբ վարձակալության իրավունքով գրանցված հողամասը, ըստ թաղամասի մանրամասն հատակագծման նախագծի, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս է և, իբր, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում:

Այնինչ բազմահարկ բնակելի-հասարակական կառուցապատման գոտում գտնվող հիշյալ հողամասն առանձնացված է եղել որպես այգի, և հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն մասնավորեցման ոչ ենթակա, բնակավայրերում ընդհանուր օգտագործման տարածք:

Հողամասի մասնավորեցման ոչ ենթակա լինելու հանգամանքը քողարկելու դիտավորությամբ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վերոհիշյալ գրության մեջ Բ.Ք.-ն հղում է կատարել թաղամասի մանրամասն հատակագծման նախագծին այն դեպքում, երբ 2002թ. օգոստոսի 8-ի դրությամբ Երևան քաղաքի Դավթաշեն թաղային համայնքի՝ հաստատված մանրամասն հատակագծման նախագիծ գոյություն չի ունեցել:

Իրականության և իրավական ակտով սահմանված դրույթների նման խեղաթյուրման, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վերոհիշյալ գրության մեջ մտցված ակնհայտ կեղծ տեղեկությունների հիման վրա պետական սեփականություն հանդիսացող, նշված ժամանակահատվածի դրությամբ նվազագույնը 96.780.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, մասնավորեցման ոչ ենթակա նշված հողատարածքը, գնման նախապատվության իրավունքով, ընդամենը 2.223.697 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, օտարվել է ԱԺ նախկին պատգամավորի դստերը, այնուհետ՝ 2003թ. մարտին, ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Բ.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս), ինչպես նաև՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Վնասի վերականգնումն ապահովելու նպատակով կալանք է դրվել նշված անշարժ գույքի վրա։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, ուղարկվել են վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել