Ս.թ. հոկտեմբերի 6-ին «Շենգավիթ» ԲԿ ծանր հրազենային վիրավորումով ընդունվել է 26-ամյա երիտասարդ` ցավային և հեմոռագիգ շոկի մեջ, գրեթե անգիտակից վիճակում, ճնշումը ցածր սանդղակում, պուլսը` թելանման:
Հայտնում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնից։
Երիտասարդի մոտ առկա էր մեջքի աջ գոտկային շրջանում հարողնաշարային հատվածում հրազենային վնասվածք, որը կույր վերջանում էր որովայնի առաջային պատին` գնդակը շոշափվում էր աջ զստափոսային շրջանում: Կար ներքին արյունահոսության վտանգ:
«Շենգավիթ» ԲԿ-ի «Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք»-ի վարիչ, ընդհանուր վիրաբույժ Արթուր Մելսի Մանուկյանի նախաձեռնությամբ՝ շտապ կատարվել է ՀՇ քննություն, նույն պահին պատրաստվել է վիրահատարանը, և անհապաղ կատարվել է վիրահատություն:
Որովայնահատումից հետո պարզվել է, որ գնդակը վնասել է բարակ աղին, հաստ աղին, ձախ գոտկային շրջանում առաջացրել էր մեծ արյան զեղում` հեմատոմա, և ներքին արյունահոսություն: Բացի այդ, կար ձախ գլուտեալ շրջանում կտրած-ծակած հորիզոնական վերք, որն իջնում էր դեպի պոչուկ` մոտ 8սմ. երկարությամբ վերքային խողովակ:
Վիրահատությունը տևել է գրեթե 3 ժամ, հեռացվել է գնդակը, կատարվել է բարակ և հաստ աղիների մասնահատում, բարակ աղու բերանակցումով հաստ աղին հանվել է արհեստական ներպանի ձևով, մշակվել են վերքերը, արդյունքում փրկվել է երիտասարդի կյանքը:
Հետվիրահատական շրջանը անցել է բարեհաջող։ 3-6 ամիս անց կկատարվի ևս մեկ վիրահատություն` հաստ աղու ամբողջականությունը վերականգնելու համար:
Պացիենտն արդեն դուրս է գրվել` առողջացումով: