Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր։
Նաև հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։