ԿԳՄՍ նախարարը՝ դասղեկների վճարման ու վարչական կազմի վարձատրության մասին

2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի առաջնային նպատակը կրթական միջավայրի բաերելավումն ու տրամադրվող պետական միջոցների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացումն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով նախատեսված մեծածավալ փոփոխությունը սկզբնական փուլում պարզաբանումների կարիք ունի, քանի որ տեղերում նոր մոդելի ճիշտ ներդրումը՝ համապատասխան հաշվարկների իրականացումը, տրված լիազորությունների և պարտավորությունների համադրումը անչափ կարևոր են:

Ֆինանսավորման նոր կարգը ընթացիկ տարվա սեպտեմբերից  արդեն գործարկվել է շուրջ 989 դպրոցում: Դրանցից 505-ում (51 %) ուսուցիչների գործող դրույքաչափը բարձրացվել  է՝ նոր կարգի գործադրման արդյունքում։ Շուրջ 439 դպրոցում (44,3 %)  դրույքաչափը մնացել է անփոփոխ, և միայն 4,5 %-ում՝ 45 դպրոցում արձանագրվել է դրույքաչափերի որոշակի նվազում: Ընդ որում,  45 դպրոցներից 23-ում աշխատավարձի նվազումը  կազմել է 1000 դրամից պակաս։ Շրջանառվող լրամշակված նախագիծը հնարավորություն կընձեռի, որպեսզի այդ 45 դպրոցներում նույնպես դրույքաչափի ու հետևաբար նաև աշխատավարձի որևէ նվազում չլինի։

«Բացի ուսուցչական աշխատավարձից, դպրոցները, ոչ բոլորն իհարկե, տարիներ շարունակ սահմանել են որոշակի վճարներ, որոնք, օրինակ, կապված են եղել գրավոր աշխատանքները ստուգելու հետ: Յուրաքանչյուր դպրոց իր ներսում որոշումներ է կայացրել դասղեկին տրվող լրացուցիչ գումարների մասին։ Ոչ բավարար իրազեկվածությունը բերել է նրան, որ ստեղծվել է տպավորություն, թե գրավոր աշխատանքների համար այլևս գումար չի տրվելու։ Ուզում եմ հստակ ընդգծել, որ երբևէ որևէ նախկին ֆինանսավորման կարգում այսպիսի բաղադրիչ չի եղել․ գրավոր աշխատանքների համար տրվող վճարները դպրոցի ներսում կայացվող որոշումներ են, և յուրաքանչյուր դպրոց իրավասու է քննարկել ու այն պահպանել, եթե մանկավարժական խորհուրդը կհամարի նպատակահարմար։ Այս առումով որևէ բան չի փոխվել. դպրոցներն ինչպես որ իրականացնում էին այս գործընթացը, կարող են նույն կերպ այն շարունակել»,- ասում է նախարարը։

Ինչ վերաբերում է դասղեկության վճարներին, ապա ֆինանսավորման նոր կարգի համաձայն՝ դասղեկների համար վճար է սահմանվել դրույքի 10-15 %-ի չափով։ Ընդ որում, նախկին կարգով այս նպատակով ևս գումար չէր տրամադրվում, դպրոցները սեփական նախաձեռնությամբ էին այդ հարցին այս կամ այն լուծումը տալիս: Այժմ նույնպես իրենց նախընտրած ձևաչափով կարող են իրականացնել այդ աշխատանքները»,- փաստում է ԿԳՄՍ նախարարը։

Անդրադառնալով վարչական աշխատակազմին՝ Ժաննա Անդրեասյանը նշում է, որ նրանց դեպքում հիմնականում ունենք աշխատավարձերի բարձրացում։

«Հիմնական քննարկումն այստեղ ընթացել է ոչ թե վարձրատրության չափի, այլ դրույքաչափի ծանրաբեռնվածության մասին։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր օպերատորներին, որոնք պաշտոնի նոր նկարագրով լրացուցիչ գործառույթներ ունեն իրականացնելու՝ էլեկտրոնային դասավանդման և փաստաթղթաշրջանառության որակի ապահովման առումով։ Դպրոցներին ուղարկվել է համապատասխան գրություն, որ իրենք կարող են դրույքաչափի փոփոխություն կատարել։ Օրինակ՝ եթե կարգով տվյալ հաստիքի համար նախանշված է 0,75 դրույքաչափ, ապա դպրոցներն ըստ անհրաժեշտության հիմնավորելով կարող են այն սահմանել մեկ դրույք»,- պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել