Քաղաքաշինության կոմիտեն և ԱԶԲ-ն քննարկել են սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրագործման գաղափարներ

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Ջրային և քաղաքաշինության ոլորտային խմբի տնօրեն Ջինգմին Հուանգի գլխավորությամբ: Նախանշվել են համագործակցության խորացման նոր ուղղություններ:

Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, գերատեսչության նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի և կոմիտեի միջև ձևավորված գործակցությունը՝ ընդգծելով համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մատչելի և սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրագործման գաղափարներ՝ շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը:

ԱԶԲ ներկայացուցիչները հայտնել են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը շարունակելու մտադրության մասին: Շարունակվելու են երկրաշարժադիմացկուն շինարարության բնագավառում քաղաքաշինության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, որոնց շրջանակում նախատեսվում է երկրաշարժադիմացկուն կառույցների նախագծման ձեռնարկի մշակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԶԲ գործընկերները ներկայացրել են նաև սեյսմակայունության բարելավմանը և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորմանը վերաբերող ռազմավարություն մշակելու համար նախանշված քայլերը:

Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով ոլորտային կարևոր նախաձեռնությունների համար, Դավիթ Գրիգորյանն ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի պատրաստակամությունը՝ աջակցելու ԱԶԲ գործընկերներին նոր ծրագրերն իրագործելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել