ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է իրավիճակի վերլուծություն և հավաքագրված տեղեկատվության հիման վրա մշակել ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին օժանդակելու և նրանց մասնագիտական աշխատանքի հնարավորությունը ՀՀ դպրոցներում ապահովելու նպատակով։
Ծրագրի մանրամասները զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հատկապես ուսուցիչներ կողմից այս պահին արդեն ունենք մեծ հետաքրքրություն: Պետք է նշեմ, որ դիմելու պայմանները հնարավորինս հեշտացված են: Վաղվանից կգործի էլեկտրոնային հարթակը, որտեղ ուսուցիչները, ընդամենը մուտքագրելով իրենց էլեկտրոնային հասցեն, կգրանցվեն, և հասանելի կդառնա թափուր աշխատատեղերի մասին ամբողջ տեղեկությունը: Ընդ որում՝ այն խմբավորված է ըստ դասավանդվող առարկաների և ըստ բնակավայրերի: Օրինակ՝ եթե քիմիայի ուսուցիչ է մուտք գործում, ապա նա միանգամից կտեսնի, թե տվյալ առարկայի քանի թափուր տեղ կա և որ բնակավայրերում: Եվ արդեն կախված այն հեռանկարից, թե որտեղ է տվյալ ուսուցիչը պատկերացնում իր բնակավայրն առաջիկայում, գոնե միջնաժամկետ կտրվածքով, կկարողանա ընտրություն կատարել: Ընդ որում՝ հնարավորություն ենք տվել, որ մեկ անգամ ընտրելուց հետո 10-օրյա ժամկետում ուսուցիչը կարողանա չեղարկել ու ևս մեկ անգամ նույն տրամաբանությամբ օգտվել համակարգից, եթե ինչ-ինչ պատճառներով կեցությունն այդտեղ հնարավոր չէ կազմակերպել: Այս ընթացքում նաև հնարավորինս հեշտացրել ենք փաստաթղթերի հետ կապված խնդիրները՝ հասկանալով, որ այս պահին մարդիկ, հնարավոր է, իրենց հետ չունեն աշխատանքի ընդունվելիս պահանջվող փաստաթղթային ամբողջ փաթեթը»,-նշել է նախարարը:
Նշենք, որ ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող այն անձը, որը ցանկություն ունի աշխատելու ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում որևէ առարկայից ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում, սահմանված կարգով ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմող չլինելու կամ մրցույթը չկայանալու պարագայում, ծրագրի շահառու հանդիսացող անձիք կարող են ներգրավվել այդ հաստատություններում՝ որպես ուսուցիչ:
Այս սկզբունքով շահառուների պայմանագրի ժամկետ է սահմանվում պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը։ Եթե շահառուն երկու անգամ չեղարկում է ներկայացված դիմումը, նա այլևս առաջնահերթության իրավունք չի ունենում: Ընդ որում՝ ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում է ծրագրից կրկին օգտվելու իրավունքից։
Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում ՀՀ պետական բյուջեից տվյալ հաստատությանը հատկացված միջոցներից ուսուցչին լրացուցիչ հատկացվում է լրավճար` մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հաստատությունների, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների դեպքում՝ այս ծրագրից օգտվող ուսուցիչներին լրացուցիչ կհատկացվի ևս 50 հազար դրամ ֆիքսված լրավճար։
Ծրագրով նախատեսվում է նաև, որ ՀՀ պետական բյուջեի «ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» և «ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ առարկաների (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառումների շահառու հանդիսանալու դեպքում այդ միջոցառումների ֆինանսավորման կարգերով սահմանված ժամկետային սահմանափակումները ծրագրի շահառու հանդիսացող ուսուցիչների նկատմամբ կիրառելի չեն, և այդ միջոցառումներով նախատեսված լրավճարները ենթակա են հաշվարկման հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու ամսվանից։
Ավելի քան 13 հազար բռնի տեղահանված երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ
Կառավարության նիստի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ դպրոցներ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների վերաբերյալ: Ըստ այդմ՝ այսօրվա տվյալներով արդեն ավելի քան 13 հազար երեխաներ ընդգրկվել են ՀՀ դպրոցներում, ինչը կազմում է թիրախային խմբի մոտ 62 տոկոսը: «Ամեն օր ավելանում է երեխաների թիվը: Կարծում եմ, որ մինչև հաջորդ շաբաթվա կեսերը պետք է փորձենք ամբողջությամբ ընդգրկել երեխաներին: Մի քանի կոնկրետ տեղերում ունենք տրանսպորտային ծառայության խնդիր. դրանք այն վայրերն են, որտեղ երեխաները տեղակայված են ավելի մեծ խմբերով, ժամանակավոր կացարաններում՝ հանգստյան գոտիներում, հյուրատներում: Այս հարցը քննարկել ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ, և այդ խնդիրները նույնպես կարգավորվում են»,-ընդգծել է նախարարը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների դասագրքերը տրամադրվում են անվճար
Ժաննա Անդրեասյաննն անդրադարձել է նաև դասագրքերի խնդրին՝ տեղեկացնելով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները դասագրքերով ապահովվում են անվճար, և լրացուցիչ խմբաքանակի պատվերն արդեն ուղարկվել է: «Ընդգծում եմ՝ դասագրքերի համար վճարել պետք չէ: Նաև նշեմ, որ մենք փորձում ենք առաջին հերթին երեխաներին ուղղորդել այն դպրոցներ, որոնցում կան ազատ տեղեր: Այն դեպքում, երբ ազատ տեղերն արդեն սպառված են, նրանց փորձում ենք տեղավորել ծանրաբեռնված դպրոցներում: Սա հընթացս կարգավորվող գործընթաց է, և մենք սերտորեն աշխատում ենք թե՛ մարզպետարանների, թե՛ քաղաքապետարանների հետ, որպեսզի կարողանանք խնդիրները կարգավորել», -փաստել է նախարարը: