Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ունենալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվություն․ նախագիծ

Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլատվություն տրամադրելու կարգը սահմանելու և կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N545 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում է կառավարության որոշմամբ սահմանել օտար­­երկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պա­րունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլատվություն տրամադրելու կարգը․

1. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ունենալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվություն՝ աշխա­տան­քային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմա­նա­վոր­ված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ:

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող պետական կամ տեղական ինք­նա­կա­ռա­վարման մարմինների, կազ­մակերպությունների կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) ղեկավարները համապատասխան մարմնում աշխա­տան­քային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտա­կան աշխատանք կատարելու անհրա­ժեշ­տությամբ պայ­մա­­նա­վոր­ված օտար­երկրացուն պետական գաղտնիք պարունակող տե­ղե­կություններին առնչվե­լու թույլտվություն տրամադրելու նպատակով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 20-րդ հոդ­վածի 2-րդ և 3-րդ մասերին հա­­­մապատասխան ստու­գո­ղա­կան միջոցառումներ անցկացնելու համար՝ ազգային անվտան­­­գության հարցերով լիա­զոր­ված պետական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացնում են Կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։

3. Լիազոր մարմինը, սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու պահից առավելագույնը 3 ամսվա ընթացքում օտարերկրացու նկատմամբ անցկացնում է ստուգողական միջոցառումներ։

4. Լիազոր մարմինը օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկու­թյուն­նե­րին առնչվելու թույլտվություն տրամադրելը մերժելու վերաբերյալ եզրակացու­թյունը կայացնում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 21-րդ հոդ­վածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

5. Օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը տրամադրվում է Կառավարության որոշմամբ՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի կողմից վարչապետի աշխատակազմ ներ­կայացված՝ օտար­երկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվու­թյուն տրամադրելու վերաբերյալ առաջարկության հիման վրա:

6. Առաջարկությունը վարչապետի աշխատակազմ է ներկայացվում բացառապես սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքում լիազոր մարմնի կողմից դրական եզրակացությունը տրամադրվելու դեպքում:

7. Առաջարկություն կարող է ներկայացվել այն օտարերկրացու վերաբերյալ, որն օրենսդրու­թյամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատում կամ ծառայում է կամ կատարում է գի­­տական աշխատանք, և պետական գաղտնիք պարունակող տեղե­կու­թյուններին առնչվելու թույլտվու­թյան տրամադրումը պայմանավորված է աշխա­տան­քային կամ ծա­ռայո­ղա­կան կամ գի­տա­կան աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ:

8. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօ­րի­նող, դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող պետական մարմիններն առաջարկությունը ներկայացնում են անմիջապես վարչապետի աշխատակազմ, տեղական ինք­նա­կառավարման մարմինները՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառի լիազոր մարմին, իսկ կազմակեր­պությունները և իրավաբանական ան­ձինք՝ պետական և տեղական ինքնակառավարման այն մարմին, որի գործԱունեության ոլորտում գոր­ծում կամ որի հետ կնքված պայմանագրով գործունեություն է ծավալում տվյալ կազմակերպությունը կամ իրավաբանական անձը: Կա­ռավարության համապատասխան անդամներն ու պետական կառավարման համակարգի այն մարմինները, որոնց գործունեության ոլորտում գոր­ծում կամ որի հետ կնքված պայմանագրով գործունեություն է ծավալում տվյալ կազմակերպությունը կամ իրավաբանական անձը, առաջարկությունը ներկայացնում են վարչա­պե­տի աշխատակազմ։

9. Առաջարկությանը կցվում է նաև՝

1 հիմնավորում՝ նշելով օտարերկրացուն տրամադրվելիք պետական գաղտնիք պարունա­կող տեղեկու­թյուն­նե­րի անհրաժեշտ ծավալը,

2) օտարերկրացու նկատմամբ անցկացված ստու­գո­ղական միջոցառումների արդ­յունք­ում լիազոր մարմնի կողմից տրամադրված դրական եզրա­կացությունը,

3) օտարերկրացուն պետա­կան գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվության տրամադրման վերա­բեր­յալ Կառավարության որոշման նախագիծը,

4․ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօ­րի­նող, դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող համապատասխան մարմնին հասցեագրած օտարերկրացու դիմումը՝ պե­տա­կան գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվու­թյան տրա­մադրման վե­րա­բերյալ, ինչպես նաև կենսագրական բնույթի ամփոփ տեղեկություններ,

5․ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօ­րի­նող կամ դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող համապատասխան մարմնի հետ օտարերկրացու՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայ­մանագրի և աշխատանքի ընդունման հրամանի կամ ծա­ռայության ընդունման հրամանի կամ գիտական աշխատանքի կատարման վերաբերյալ կնքված պայմանագրի պատճենները։

10. Օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունման դեպքում, օտարերկրացու՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը ձևակերպվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

11. Օտարերկրացու՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը դադարեցվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

12. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունե­ցող օտարերկրացիների վրա տարածվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջ­ների պահպանման պարտականությունները և դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվու­թյու­նը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել