Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռ մուտքագրված չէ, երկուշաբթի կամ երեքշաբթի բոլորն այդ գումարը կտեսնեն իրենց հաշիվներին. փոխվարչապետը՝ արցախցիներին միանվագ դրամական աջակցության մասին

Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ դրամական  աջակցությունը վերջին օրերին արդեն մեծամասամբ ստացել են այն շահառուները, որոնք ունեն քարտային հաշվներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ համառոտ ամփոփելով նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպված հիմնական գործընթացները:

 Նրա խոսքով,  ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների,  Արցախից  բռնի տեղահանված և քարտային հաշիվներ ունեցող շահառուների թիվը գերազանցում է 50 հազարը:

«Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռևս մուտքագրված չէ, դա նշանակում է, որ ընդամենը  խոսքը վերաբերում է որոշ դեպքերում բանկային գործառնությունների  ժամանակատարությանը, և երկուշաբթի կամ երեքշաբթի օրը բոլորն այդ գումարը  կտեսնեն իրենց հաշիվներին»,- պարզաբանեց փոխվարչապետը՝ նշելով, որ այնուամենայնիվ շահառու հայրենակիցների կեսն է առայժմ ստացել միանվագ դրամական աջակցությունը, իսկ մյուսներն առաջիկա օրերի ընթացքում, իրենց գրանցումներին համապատասխան, կշարունակեն ստանալ իրենց գումարները:

Նա հիշեցրեց, որ ովքեր չունեն քարտային հաշիվներ, պետք է այս օրերի ընթացքում բացեն իրենց հաշիվները:

Ըստ փոխվարչապետի՝ երկրորդ խումբը, որ միանալու է դրամական աջակցությունը ստացողներին, ընդգրկում է այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների համար համապատասխան տվյալները գրանցելու արդյունքում կունենան այդ դրամական միջոցները ստանալու իրավունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել