Միջազգային հանրությունը պետք է հստակ գործողություններով արձագանքի. Արգենտինայի դեսպանը՝ Արցախի հայերի հանդեպ Ադրբեջանի իրականացրած քաղաքականության մասին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Ալես Սիմոնյանը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անգնահատելի ներդրումն ու սրտացավ հետեւողականությունը: ՀՀ ԱԺ խոսնակը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին բարձր ամբիոններից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, ծանր պահին հայ ժողովրդի կողքին լինելու եւ սատարելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Արցախի հայերին առնվող հարցեր:

Արգենտինայի դեսպանը նշել է, որ Հայաստանից հեռանում է շատ ջերմ եւ, միեւնույն ժամանակ, ծանր հուշերով: Նա նշել է, որ կիսում է այս օրերին հայ ժողովրդի ապրումներն ու Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը Արցախի  հայերի հանդեպ ողբերգություն է որակել՝ համայն քաղաքակիրթ մարդկության դեմ: Նա նշել է, որ միջազգային մակարդակով պետք է քննել տեղի ունեցածը եւ համարժեք գնահատականներ տալ:

«Այն, ինչ հարկավոր է այսօր Հայաստանին միջազգային հանրությունից, չի սահմանափակվում միայն հայտարարություններով, պետք են արձագանքի ձեւով հստակ գործողություններ»,- ընդգծել է դեսպանը:

Հանդիպմանը քննարկվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարեկամական խմբերի դերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել