Բոլորին է հայտնի, որ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Իսկ ինչպե՞ս պետք է ապահովվի այս նորմի կիրառումը:
Պատգամավոր ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման ընդունումից հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`
ա) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,
բ) դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,
գ) հրաժարվել առևտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,
դ) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից,
ե) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, եթե դա «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն չի համարվում գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք:
Պատգամավորն իրավունք ունի մինչև վճարովի հիմունքներով գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանքի անցնելը սահմանված կարգով դիմելու Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին և ստանալու նրա եզրակացությունը:
Եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման: