Ադրբեջանի ԶՈւ-ն վերահսկում է ԼՂ հիմնական ճանապարհները, հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ փաստացի իրավիճակի մասին։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ ավելի քան 10․000 մարդ հարկադրաբար տեղահանվել է և այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ, 21-րդ դարում։
«Ադրբեջանի աչքերում ԼՂ-ում գտնվող երեխաներն ահաբեկիչներ են, նրանց գործողությունները՝ հրթիռները, զրահապատ մեքենաները, հրետանին, ԱԹՍ-ներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների, տատիկ-պապիկների դեմ։ Սա կանխատեսելի էր։ Երկար ժամանակ է ահազանգում ենք։ Միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն այս ամենին վերաբերվել։
Միամտություն կլիներ կարծել, թե այս ամենը նախապես պլանավորած չի եղել։ Ադրբեջանական ագրեսիան ծավալվել է բարբարոսաբար, դիտավորյալ։ Սա ողբերգության վերջին արարն էր»,-նշել է Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց՝ սեպտեմբերի 19-ի գործողությունները պետք է դատապարտվեն։ Միրզոյանը հայտնել է, որ դրանց հետևանքով տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել, հազարավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները։
«Որևէ կերպ չի կարող արդարացվել ռազմական ուժի գործադրումը՝ ի խախտումն միջազգային մարդասիրական իրավունքի։ Երբ 2022-ի դեկտեմբերին ԱԽ հրատապ նիստ հրավիրեցինք, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց։ Որոշումները չհարգվեցին Ադրբեջանի կողմից, և կրկին խորհուրդը չարձագանքեց։
Միջազգային հանրությունը կասկածամտությամբ արձագանքեց մեր նախազգուշացումներին։ Կարևոր ասպեկտ․ ձեզնից ոմանք շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին։ Այս մոտեցումը և այս եզրույթաբանությունն այլևս կիրառելի և տեղին չեն։
Չկան համակարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր»,-նշել է Արարատ Միրզոյանը։