Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. պետական նախարարը խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից։

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործուղությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը և հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բազմաթիվ խնդիրների»,-նշել է Ա. Հարությունյանը։

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են առկա խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով:

Պետական նախարար Արթուր Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները` ապահովելով բնակչության անվտանգության, ենթակառուցվածքների աշխատանքի, շրջաններից տարհանված բնակիչների կեցության, սննդի մատակարարման և մի շարք այլ առաջնային հարցեր:

Առաջիկայում կլուծվի նաև հացի խնդիրը և կներկայացվի տրամադրման կարգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել