Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Տ.Վիրաբյանը, 2002թ. նոյեմբերից մինչև 2013թ. մայիսի 24-ն աշխատելով ՀՀ Արարատի մարզպետարանում՝ որպես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում մարզի մի շարք համայնքների ղեկավարների և «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է հողօգտագործողներին 2012թ. աշնան և 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերով ՀՀ պետական բյուջեից պարբերաբար հատկացված, իրենց վստահությանը հանձնված, առանձնապես խոշոր չափերով 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումար:
Դատախազության փոխանցմամբ` նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Տ.Վիրաբյանը 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կազմել, ստորագրել, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու մատակարար ընկերությանն է ներկայացրել ըստ մարզի համայնքների դիզելային վառելանյութի բաշխման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ցուցակներ, որոնցում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. հավելագրել է համայնքներին անհրաժեշտ դիզելային վառելանյութի ծավալի չափը, փաստացի պահանջարկը ներկայացրել 872.450 լիտրով ավելի:
Այնուհետև, դիզվառելիքի հավելագրված չափերին համապատասխան՝ Տ.Վիրաբյանի կազմակերպմամբ համայնքների ղեկավարները ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ շահադիտական նպատակով պարբերաբար կազմել են պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ ՍՊ ընկերության կողմից համայնքներին դիզելային վառելանյութ իրացնելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր և հանձնման-ընդունման կեղծ ակտեր: Վերը նշված կեղծ հաշիվ-ապրանքագրերը և հանձնման-ընդունման ակտերը Տիգրան Վիրաբյանը պարբերաբար ներկայացրել է վառելիք մատակարարող ընկերություն: ՍՊ ընկերության առանձին ծառայողները դրանք դրել են փաստաթղթաշրջանառության մեջ՝ իբրև 872.450 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի, դրա դիմաց ընդհանուր 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումարի ելքագրման և կանխիկացման հիմնավորում: Այսկերպ Տ.Վիրաբյանը մի շարք համայնքների ղեկավարների և ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի պետական գումարը և բաժանել միմյանց միջև:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net