Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է 28 անձ․ ՔԿ

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից: Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն։

«2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային  հավաքի ընթացքում, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրան մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Քննչական, վարութային մեծածավալ գործողություններ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համագործակցությամբ համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ պարզելու նշված զանգվածային անկարգությունների բոլոր հանգամանքները։ 

Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին մասնակիցների կողմից հրապարակային կոչեր են հնչեցվել՝ անկարգություններ իրականացնելու վերաբերյալ։ Դրանից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, այդ թվում՝ հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբերով, կազմակերպված կերպով կուտակվել են ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ։ Չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված օրինական պահանջին՝ նրանք կազմակերպված կերպով սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:

Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնց զուգահեռ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին սկսել են հարվածներ հասցնել ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև՝ նրանց և Կառավարության շենքի ուղղությամբ նետել կազմակերպված ձևով, պայուսակներով նախապես հավաքի վայր բերված և անկարգությունների մասնակիցներին բաժանված մեծաքանակ քարեր, տարբեր չափերի երկաթի կտորներ, այդ թվում նաև՝ հրապարակի ծառերի բները հանգուցող երկաթի կոնստուկցիաները։ 

Զանգվածային անկարգությունների ընթացքում վնասվածքներ են ստացել 3 ոստիկան և 6 քաղաքացի, որոնք բուժօգնության են դիմել մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։ Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։ 

Զանգվածային անկարգություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից, որոնցից 2-ը՝ անչափահասներ, 1-ը՝ այլ երկրի քաղաքացի, 9-ը՝ Արցախի, մյուսները՝ Հայաստանի բնակիչներ։ Ձերբակալվածներից 6-ը տարբեր հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտվածներ են։ 

Եվս մեկ մասնակից՝ բազմաթիվ գողությունների համար նախկինում դատապարտված, Հանրապետության Հրապարակից ձերբակալվել է՝ երկու դանակ կրելու կասկածանքով։ 

Դեպքի վայրի զննության արդյունքում առգրավվել են մեծաքանակ քարեր, շշեր, երկաթի կտորներ, ապակու կտորներ, այլ իրեր։ 

Ստացվել և ուսումնասիրվել են տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արձանագրվել և անհատականացվել են ինչպես զանգվածային անկարգություններին մասնակցող կոնկրետ անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները, այնպես էլ՝ ոստիկանական պատնեշի ուղղությամբ հարձակումից առաջ և դրա ընթացքում հավաքի կոնկրետ մասնակիցների կողմից բռնություններ, զանգվածային անկարգություններ իրականացնելուն ուղղված կոչեր հնչեցնելը։ Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։

 Միջոցներ են ձեռնարկվում նաև՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու ուղղությամբ։ 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել