Ադրբեջանցիները դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, բլոկ-պոստեր տեղադրել. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյանիշ իր էջում գրում է.

«Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, ինչպես նաև` բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին:

Տարբեր բնակավայրերի և նրա բնակիչների հետ կապված հակասական տեղեկություններ կան, շատերի հետ կապ հաստատելու հնարավորություն դեռևս չկա:

Ճիշտ է` Արցախի ոստիկանությունը ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, ուժեղացված ծառայություն է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, սակայն լարվածությունը բնականաբար պահպանվում է:

Այսօր ռուսական կողմի միջնորդությամբ ու մասնակցությամբ բանակցություններ են լինելու ադրբեջանցիների հետ, որի ժամանակ սպասվում է դետալային քննարկում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ:

Անկեղծ ասած, ստեղծված իրավիճակում արցախցիների մոտ առանձնապես լավատեսական սպասումներ չկան, սակայն մեծ թվով հարցերի պատասխաններ ակնկալվում է ստանալ այս քննարկումից:

Գլխավոր հարցերից մեկը` ի՞նչ է սպասվում Արցախին ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ արդեն պարզ է, բայց ինչպես ասում են` «սատանան մանրուքներում է» և այսօրվա բանակցությունները հստակություն կմտցնեն ասելիքի ու անելիքի առումով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել