Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ․ գրում է ТАСС-ը։
Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից հազարից ավելին երեխաներ են։
«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի՝ և՛ Երևանի, Ստեփանակերտի, և՛ Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ»,-նշել է նա։
ՌԴ նախագահի խոսքով՝ ոուս խաղաղապահները ակտիվ աշխատում են հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ։ «Նրանք ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ընդգծել է նա։
ԼՂ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ:
«1. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինված կազմավորումների կազմալուծման, ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով:
3. Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ 2023թ․ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին»։