Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 10)։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:
ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար:
Մասնավորապես.
1. Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել`
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) բնության հատուկ պահպանվող տարածքներում,
3) խոշոր վնաս պատճառելով,
4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս`
պատժվում են կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նշված հանցագործության համար զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):