Հանրապետության ամբողջ ներուժը պետք է ուղղվի պաշտպանական կարողությունների հզորացմանը. Սեյրան Օհանյան

ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար սկսվել է բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում: Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները եւ մեր շուրջը գոյություն ունեցող անվտանգության միջավայրը՝ արտաքին եւ ներքին սպառնալիքները, ստիպում են, որ մեր քաղաքական ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, Ազգային ժողովում եւ Ազգային ժողովից դուրս աշխատանքների ընթացքում լուրջ ուշադրություն դարձնի այնպիսի կարեւոր ուղղությունների, ինչպիսին են՝ անվտանգությունը, պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ու ԼՂ-ն իրար կապող միջանցքը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Խմբակցության ղեկավարն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել են հայ-ադրբեջանական օրակարգին եւ ներքաղաքական խնդիրներին, պատասխանել լրագրողների հարցերին:

«Ցավոք, ՀՀ իշխանությունների հետ աշխատանքը թույլ է տալիս եւս մեկ անգամ եզրակացություն անելու, որ իրենք որոշումներ են ընդունում ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ եւ հաշվի չեն առնվում գերակա եւ կարեւոր խնդիրները»,- նման կարծիք է հայտնել Սեյրան Օհանյանը:

Խմբակցության ղեկավարի կարծիքով վերջին ժամանակահատվածում կարեւոր եւ դրական իրադարձություններից մեկը մնում է ԼՂ նախագահի ընտրությունը: «Կարծում եմ, որ այս իրավիճակում այդ համարձակ քայլը հնարավորություն է տալու զարգացնելու պայքարի այն ոգին, որը գոյություն ունի ե՛ւ ԼՂ-ում, ե՛ւ Հայաստանում: Այս առումով «Հայաստան» խմբակցությունը, եւ մեր քաղաքական ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս՝ հիմնականում անվտանգության հարցերը, մեր երկրի առջեւ կարեւոր օրակարգերն առաջ տանելու եւ գեներացնելու այն պայքարի ոգին, որն ուղղված պետք է լինի կանգնեցնելու գահավիժումը եւ դրա հիմնական պատճառ հանդիսացող ՀՀ իշխանությունների դեմ պայքարը»,- կարծիք է հայտնել է Սեյրան Օհանյանը:

Սահմանային լարվածության հարցում իր դիտարկումները ներկայացնելով՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ հանրապետության ամբողջ ներուժը պետք է օգտագործվի պաշտպանական կարողությունները հզորացնելու համար, բանակը պետք է համալրվի անձնակազմով, սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, ուսումնական գործընթաց պետք է իրականացվի, զորավարժություններ անցկացվեն: Ըստ նրա՝ ընդդիմության գործունեությունն ուղղված է պայքարի, դիմադրության ոգին բարձրացնելուն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նույնպես ներկայացրել է իր դիտարկումներն ու տեսակետները ներքաղաքական ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Նրա խոսքով խաղաղություն ապահովում են սեփական բանակով, ճկուն դիվանագիտությամբ, մինչդեռ բանակը զարգացնելու փոխարեն իշխանությունը զարգացնում է ոստիկանությունը: Դիվանագիտությունը, նրա գնահատմամբ, կաղում է, որեւէ հաջողություն չի արձանագրվել: Լաչինի միջանցի վերաբացման շուրջ պայմանավորվածություններից խոսելով՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի խոսքին եւ նրանց երաշխիքներին հավատալ ու վստահել չի կարելի: Հերթական անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ ստախոս է եւ որեւէ խոստում չի կատարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել