Ադրբեջանը մերժել է «Խովաևի պլանը», և ՌԴ-ն հիմքեր չունի այլևս այն պնդելու. Նիկոլ Փաշինյան

Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ արձանագրվել է, որ ՌԴ առաջարկությունն այլևս ակտուալ չէ. Ադրբեջանը մերժել է այն, և ՌԴ-ն այդ մերժման բերումով այլևս հիմքեր չունի այն պնդելու: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Խովաևի պլանին»:

«Երբ այդ առաջարկությունը եղել է` դրանից առաջ ՌԴ-ն երկու անգամ առնվազն ամենաբարձր մակարդակներով արձանագրել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է: Պրահայի պայմանավորվածությունը և որևէ պայմանավորվածություն չեն չեղարկել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները»,- ասաց նա:

Վարչապետը նշեց` պետք է անդրադառնալ մի հարցի` արդյոք այդ հայտարարությունը ուժի մեջ է, թե ոչ, միաժամանակ հաստատելով` ակնհայտորեն ուժի մեջ է:

«Այդ հայտարարությունը որևէ կերպ չի չեղարկել և չէր կարող չեղարկել Ալմաթիի հռչակագիրը, քանի որ այն, ըստ էության, և ՀՀ, և ՌԴ, և Ադրբեջանի և ԱՊՀ մյուս երկրների անկախության հռչակագիրն է` արդեն դե յուրե փոխադարձաբար ճանաչելու իմաստով: Մենք ինչ խնդիրներ որ ունենք, Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ինստիտուտ է, այնտեղ սահմանված են կողմերի իրավունքները և պարտականությունները: Եռակողմ հայտարարությունը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասաց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել