Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա, մյուս ճանապարհները չեն կարող այլընտրանք լինել․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Լաչինի միջանքը պետք է վերաբացվի հիմա, իսկ մնացած ճանապարհները, օրինակ Աղդամինը, կարող են վերաբացվել որպես ընդհանուր կարգավորման մաս, ոչ թե որպես այլընտրանք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է X-ի (նախկինում Twitter) իր էջում՝ մանրամասներ հաղորդելով իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը։ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Մնացած ճանապարհները, ինչպիսին է Աղդամինը, կարող են բացվել որպես կարգավորման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- հայտարարել է Բորելը։

Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 9-ին հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ ՌԴ կառավարությունը որոշել է հումանիտար օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, իսկ Արցախի իշխանությունները, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, որոշել են թույլ տալ ռուսական հումանիտար օգնության մուտքը Աղդամի ճանապարհով։ Միևնույն ժամանակ, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ՌԴ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից։ Ադրբեջանական կողմը, սակայն, հերքել է Լաչինի միջանցքով բեռնափոխադրումները վերականգնելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի (նախկինում Twitter) իր էջում գրել է, որ Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար օգնություն ուղարկելն առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ այն դիտարկել Աղդամի ճանապարհն ու Լաչինի միջանցքը միաժամանակ գործարկելու առաջարկի հետ, որը, ըստ Հաջիևի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել