ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․
«Առաջին անգամ Պոլիտեխնիկ մուտք գործած սիրելի առաջին կուրսեցիներ, աշակերտներ, մեր նախակրթարանի լուսավոր սաներ,
Պոլիտեխնիկական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ:
Հաճախ շատերը գիտելիքը շփոթում են զուտ տեղեկատվություն ստանալու հետ, բայց իրականում կրթության տարբեր մակարդակներում ստացած գիտելիքը հեռու տանող նպատակ ունի. նպատակ ձևավորելու արժեքաստեղծ մտածողությամբ հասարակություն, նորը ստեղծելու կարողություններով օժտված հասարակություն: Այս մտածողությունը պետք է սկիզբ առնի նախադպրոցական հաստատաություններում և շարունակվի կրթության հաջորդ փուլերում:
Պոլիտեխնիկում բոլոր կրթական մակարդակներում շարունակաբար իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն Ձեզ համար ապահովելու մրցունակ կրթություն, որտեղ դուք կարող եք ձևավորվել և դրսևորվել:
Մենք ամեն բան անելու ենք, որպեսզի դուք հպարտանաք, որ սովորում եք լավագույն համալսարանում, լավագույն դպրոցում, լավագույն քոլեջում և լավագույն մանկապարտեզում:
Սիրելի Դասախոսներ,
Սիրելի Մանկավարժներ,
Կրթության և գիտության սիրելի կազմակերպիչներ,
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Ձեր կատարած աշխատանքի, հոգատարության, վերաբերմունքի ու չարչարանքի համար: Դուք, որպես մատաղ սերնդի մշակներ, այս առավել քան կարևոր ժամանակներում չափազանց կարևոր առաքելություն ունեք: Ձեր կողմից տրված կրթության և դաստիարակության արդյունքը պետք է ապահովի մեր երկրի առաջընթացը և անվտանգությունը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ, որ գրանցվեն մեծ հաջողություններ կրթական բոլոր կառույցներում»: