264 օր է ոտնահարվում են արցախահայերի իրավունքները

Արցախը 264 օր է շրջափակման մեջ է։

  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,890  քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 754  հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: Վերջին օրերին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ևս 343 հոգի (հիմնականում ուսանողներ և ՌԴ քաղաքացիներ) տեղափոխվել են Հայաստան: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր, իսկ ռուս խաղաղապահների կողմից անձանց տեղափոխությունները կասեցվել էին հունիսի 15-ին և վերականգնվել միայն օգոստոսի 21-ին, սակայն միայն մեկ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան, որն էլ կասեցվել է օգոստոսի 28-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախցի երեք ուսանողների առևանգումից հետո:
  • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ավելի քան 6,000 անձինք, ներառյալ՝ շուրջ 800 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 218 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (264  օրվա ընթացքում մարդկանց 646,800 -ի փոխարեն՝ 2,966 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 11 ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի մեքենաներով:
  • Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 81 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (264օրվա ընթացքում 242,880-ի փոխարեն՝ 2,972  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 3 մուտք և ելք՝ ԿՄԽԿ-ի մեքենաները:
  • Շուրջ 18 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (264 օրվա ընթացքում մոտ 105,600 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ 0 տոննա:
  • Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 197 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 235 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
  • Շրջափակումից ի վեր 1710 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 40 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։
  • Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ, որը մասնավոր հատվածի աշխատողների 90%-ից ավելին է:
  • Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
  • Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 501  մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 55  տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 264 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել