Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է.
«2014 թվականին մենք ուզում ենք պետական ծառայողների համար հասանելի դարձնել բնակարանները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել: Այսօր թիվ մեկ խոչընդոտն այն է, որ հիփոթեքային ցանկացած սխեմայով կանխավճար է պահանջվում: Շատ հաճախ պետական ծառայողները չունեն կանխավճարի գումարը և չեն կարողանում բնակարան ձեռք բերել, որի արժեքը մինչև 25 մլն դրամ է: Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք այդ 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30 տոկոսանոց կանխավճար:
Ուսումնասիրությունը, ինչպես նաև կառուցապատողների առաջարկությունները ցույց են տալիս, որ դա էապես կարող է ավելացնել պահանջարկը:
Երկրորդը, մենք պետք է կազմենք ցուցակը պետական այն ծառայողների, ովքեր ցանկություն ունեն մասնակցել այսպիսի հիփոթեքային վարկ ստանալուն: Մասնավորապես, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի գլխավորությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը ձեզ կներկայացնի համապատասխան տեղեկատվություն և տեղեկանքներ, թե ինչ հարցերի պատասխան պետք է դուք ունենաք: Ձևաթղթերը կուղարկվեն ձեզ, կլրացնեք կուղարկեք կառավարության աշխատակազմ, թե առաջարկվող պայմանների համաձայն պետական ծառայողներն ինչ պահանջարկ կներկայացնեն՝ հիփոթեքային վարկերից օգտվելու համար, հաշվի առնելով, որ պետծառայողները կարող են օգտվել այդ պետական սխեմայից:
Երրորդը, մենք դիմում ենք քաղաքապետարան` խնդրելով, որպեսզի Երևանում հարմար տարածքներ փորձենք գտնել` նպատակ ունենալով դրանք տրամադրել կառուցապատողներին, որպեսզի ավելի ցածր գներով հնարավոր լինի Երևանում կառուցապատում իրականացնել: Դա նշանակում է, որ մենք որակապես փոխելու ենք շինարարական տեխնոլոգիաները: Եթե մինչև հիմա այն շինարարական տեխնոլոգիաներով, որոնք կիրառվում են, ենթադրվում է, որ 1 քմ-ի արժեքը տատանվում է 800 դոլարի շրջանակում, մենք նպատակ ունենք մոտակա տարիներին առաջարկել կառուցապատողներին՝ կիրառել էկոնոմ դասի տեխնոլոգիաներ, որոնք էապես պետք է նվազեցնեն ինքնարժեքը:
Դա նշանակում է, որ նաև հողի արժեքի առումով պետությունը պետք է օժանդակի, որպեսզի էապես նվազեն գները, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան բնակարան ձեռք բերելու: Այս աշխատանքները մենք պետք է ավարտենք մեկ ամսվա ընթացքում, որպեսզի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովում կարողանանք այս ծրագիրը ներկայացնել ավելի մանրամասն, գնահատականներ ունենալով և՛ հիփոթեքային միջոցների ծավալների վերաբերյալ, և՛ պետական ծառայողների թվաքանակի, որոնք կցանկանան մասնակցել նման ծրագրերին»:
Իրավաբան.net