Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է նախկինում չդատված 24-ամյա Ատոմ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, 2013թ.-ի մայիսի 23-ին Սամվել Սահակյանը Գյումրու Անի թաղամասում գտնվող շենքի երեք սենյականոց բնակարանի երկու սենյակները վարձակալությամբ տրամադրել է Ատոմ Բաղդասարյանին: Տան գույքը առանձնացրել է երրորդ սենյակում և փակելով փականով, բանալին վերցրել է իր մոտ՝ նախազգուշացրնելով, որ ամբաստանյալն այդ սենյակի հետ չառնչվի՝ գույքից չօգտվի: Սակայն, վերջինս պատշգամբից հրել` բացել է նշված առանձնասենյակի պատուհանը, ապօրինի մուտք է գործել և գողացել տարբեր տեսակի իրեր՝ տան տիրոջը պատճառելով 1 միլիոն 60 հազար դրամի նյութական վնաս:
Դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելով՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է: Պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առել կատարված հանցագործության բնույթն ու ամբաստանյալի անձը, որ նա նախկինում դատված չի եղել, խնամքին ունի մեկ մանկահասակ վատառողջ երեխա, կինը չի աշխատում, ապրում են սոցիալապես սուղ պայմաններում, իր հայտարարությամբ վատառողջ է, ընտանիքի միակ կերակրողն է, մեղքը ընդունել է և զղջացել է կատարածի համար: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Հիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը վճռեց ամբաստանյալ Ատոմ Բաղդասարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավմամբ: Ինչպես նաև նրանից բռնագանձել 850.000 ՀՀ դրամ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում:
Նշենք, որ հիշյալ հոդվածի համաձայն՝ գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net