Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները օգոստոսի 3-ից մեկնարկել են, սակայն  որևէ կուսակցություն ԿԸՀ իր փաստաթղթերը դեռ չի ներկայացրել

Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները օգոստոսի 3-ից մեկնարկել են, սակայն  որևէ կուսակցություն ԿԸՀ իր փաստաթղթերը դեռ չի ներկայացրել։

Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Օգոստոսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչև օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Սեպտեմբերի 16-ին, ինչպես Ընտրական օրենսգիրքն է նախատեսում, լռության օրն է, այդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը, քարոզչությունն արգելվում է։

Հուլիսի 14-ի դրությամբ Երևանի ընտրողների թիվը 823 559 է, 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին այդ թիվը  848 343 էր։ ԿԸՀ նախագահը բացատրեց, թե ինչով է պայմանավորված թվի նվազումը։ 2021 թվականի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով,  6 ամիս և ավելի ժամկետանց անձը հաստատող փաստաթղթեր ունեցող քաղաքացիների անուններն ընտրական ցուցակներից հանվել են։

Վահագն Հովակիմյանը ներկայացրեց նաև ԿԸՀ էլեկտրոնային համակարգերի գործիքակազմերի համալրումը։ Այս ընտրություններին կուսակցությունները և՛ իրենց ընտրական ցուցակները, և՛ գույքի ու եկամուտների հայտարարագրերը կարող են ներկայացնել առցանց՝ ԿԸՀ տրամադրած օգտահաշիվների միջոցով։ Արտաքին գովազդային վահանակների հայտերի ևս ներկայացվելու են առցանց։

Անդրադառնալով հարցին, թե նախընտրական քարոզչությունը դեռ չի մեկնարկել, սակայն որոշ քաղաքական ուժեր արդեն ակտիվ քարոզչություն են իրականացնում Հովակիմյանը մանրամասնեց՝ կուսակցությունները միշտ կարող են քարոզչություն իրականացնել, պարզապես պետք է տարբերել քարոզչություն և նախընտրական քարոզչությունը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրության հաջորդ օրն իսկ կարող է քարոզչություն իրականացնել, այլ հարց է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանափակումներով լեցուն է։ Հովակիմյանի համոզմամբ՝ հայաստանյան քաղաքական դաշտի զարգացմանը բացառապես կնպաստի այն, որ քաղաքական ուժերը մշտապես իրենց քարոզչությունն իրականացնեն, տարածեն իրեն գաղափարները, և ոչ թե ընտրությունից ընտրություն քարոզչություն իրականացնեն։

Ասուլիսին հնչած այլ հարցերին ևս տրվեցին պատասխաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել