Մի շարք պետությունների օրենսդրությամբ արգելվում է այրել կամ այլ կերպ ապականել պետության դրոշը:
Այս հարցի կապակցությամբ հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել Դանիան, որտեղ օրենսդրությունը չի թույլատրում անարգանքի ենթարկել որևէ պետության դրոշ, բացառությամբ իր երկրի դրոշի: Վերջինս կարելի է այրել առանց որևէ հետևանքների:
Հայտին է, որ ՀՀ դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է: Նշենք, որ կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:
Իսկ ինչպե՞ս պետք է բարձրացվի ՀՀ դրոշը: Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:
Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի, իսկ մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:
Վերոնշյալ պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: