Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը։
«Ինչպես նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության տեղեկատվության մեջ, 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Վագիֆ Չերքեզովիչ Խաչատրյանը հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում իրականացրել է ադրբեջանական բնակչության ջարդ. «Ջարդի ժամանակ սպանվել է 25, վիրավորվել՝ 14, արտաքսվել 358 ադրբեջանցի։ Վագիֆ Չերքեզովիչ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ԱՀ քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (դեպորտացիա կամ բնակչության բռնի տեղահանում) հոդվածներով, և դատարանի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հենց այս քրեական գործի շրջանակներում նա հուլիսի 29-ին Հայաստան գնալու ճանապարհին բերման է ենթարկվել սահմանային անցակետում։
Հաշվի առնելով, որ Վագիֆ Խաչատրյանը բուժման նպատակով էր մեկնում Հայաստան, ապահովվել է նրա տեղավորումը Բաքվում գտնվող բուժհաստատությունում և նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Համապատասխան պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնել էր, որ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։