Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասին այն անձին պարզորոշ նախազգուշացնելը, ում նկատմամբ գործադրվում է զենքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի այլ անձանց:
Արգելվում է հրազեն գործադրել կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է հրազեն գործադրողին, բացառությամբ նրանց կողմից զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի, ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք: Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետևանքով մարդու առողջությանը վնաս է պատճառվել, զենք գործադրողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել զենքի գործադրման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
Իսկ սպորտային և որսորդական զենքի օգտագործման կանոնները սահմանվում են օրենսդրությամբ: