Ադրբեջանի ԱԳՆ-ն մարդասիրական օգնությունը որակել է «սադրանք»․ հայտարարություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանից Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ և այն որակել «սադրանք»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ մարդասիրական բեռներ ուղարկելը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն է։

«Չկարողանալով մարսել Ադրբեջանի կողմից սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կանխելու նպատակով ստեղծված Լաչինի սահմանային անցակետի գոյությունը՝ հայկական կողմը, առանց մեր երկրի համաձայնության, ավտոշարասյուններ է ուղարկում «մարդասիրական բեռի» անվան տակ, ինչը ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և հերթական սադրանքը Լաչինի սահմանային անցակետի դեմ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ի թիվս մի շարք մեղադրանքների՝ երկրի ԱԳՆ-ն հայկական կողմին է վերագրել իրավաճակը սրելը և փորձերը՝ մոլորեցնել միջազգային հանրությանը։

Հաղորդագրության մեջ կրկին անդրադարձ է եղել «Աղդամ-Ստեփանակերտ» ճանապարհին, որն ադրբեջանական կողմն առաջարկել է մարդասիրական բեռներ տեղափոխելու համար և նշվել, թե միջազգային հանրությունն այդ առաջարկը ճանաչել է որպես այլընտրանք, սակայն հայկական կողմը հրաժարվում է։

«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը և դիվանագիտական կորպուսին որպես գործիք ներգրավելը վերոհիշյալ սադրանքին, ցույց է տալիս, որ սա նախապես ծրագրված գործողություն էր։ Մենք ևս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Հայաստանի կողմից նման սադրանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել