Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները կարիք չունեն սպանության փորձ իրականացնել «Россия Сегодня» և «RT»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ։ Ըստ Պոդոլյակի՝ նրանք «բացարձակապես ոչ մի բանի վրա ազդեցություն չունեն»։ Այս մասին գրում է Коммерсантъ-ը։
Նա ընդգծել է, որ ո՛չ տիկին Սիմոնյանը, ո՛չ տիկին Սոբչակը կատարվողի մեջ որևէ կարևոր դերակատարում չունեն։
«Ինչպես ընդհանուր պատերազմի շրջանակներում, այնպես էլ աշխարհում Ռուսաստանի հեղինակության նվազման հարցում»,-ասել է Միխայիլ Պոդոլյակը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ու հայտարարել, որ «ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձը ևս մեկ անգամ ցույց է տալիս Զելենսկու ռեժիմի ահաբեկչական բնույթը։
ԱԴԾ-ի տվյալներով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգով սպանությունների նախապատրաստմամբ զբաղվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամները։ Բասմանի դատարանը ձերբակալել է սպանության նախապատրաստման մեջ կասկածվող յոթ անձի։ Նրանց թվում է անչափահաս՝ 2006 թվականին ծնված մի երիտասարդ։