ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Ագրոթեքինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի):
Մասնավորապես՝
– արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, պատերի մակերևույթները չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից պատրաստված, դռները եղել են անհարթ,
– առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել:
Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

