Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է Պրիգոժինի կազմակերպած խռովությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր՝ հուլիսի 3-ին, առաջին անգամ մեկնաբանել է զինված խռովությունը, որը նախորդ շաբաթ կազմակերպվել էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից, փոխանցել է РИА Новости-ն։

Նա նշել է՝ տեղի ունեցածը չի ազդել զորքերի վրա․ «Այդ պլանները ձախողվել են առաջին հերթին այն պատճառով, որ զինված ուժերի անձնակազմն իր հավատարմությունն է ցուցաբերել երդմանն ու զինվորական պարտքին։ Սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա։ Զինծառայողներն արիաբար և անձնազոհաբար շարունակել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները»։

Հիշեցնենք՝ հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռակոծել էին վագներականների ճամբարները և դրա պատճառով 25 հազար վարձկաններ շարժվում են Մոսկվա՝ «վերականգնելու արդարությունը»։

Հունիսի 24-ին վագներականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն նախապատրաստվում էին պաշտպանությանը։

Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո կողմերը որոշել են, որ վարձկանները կվերադառնան դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինը կհեռանա Բելառուս։ Բացի այդ, ռուսական իշխանությունները խոստանում էին նաև Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը։ Վերջինս կարճվեց միայն հունիսի 27-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել