Ինչպիսի՞ն պետք է լինի վարվեցողությունը ծառայողական փոխհարաբերություններում

Աշխատավայրում ծառայողական փոխհարաբերություններում գործում են քաղաքավարության այն բոլոր կանոնները, որոնք անհրաժեշտ է պահպանել հասարակական վայրերում և զանազան կենցաղային իրավիճակներում: Սակայն աշխատավայրում վարվեցողության կանոնների պահպանումը ինքնանպատակ չպետք է լինի, այստեղ յուրաքանչյուր աշխատողի վարքը պետք է ունենա գործնական նպատակաուղղվածություն: Այլ կերպ ասած՝ վարվեցողության կանոնների պահպանումը չպետք է խանգարի աշխատանքային գործընթացին և հիմնարկի առջև դրված խնդիրների լուծմանը:

Անիմաստ է աշխատանքի ժամին քաղաքավարությանը «զոհ գնալ», երբ դրանից տուժելու են աշխատանքային գործերը:

Աշխատավայրում պետք է ունենալ հանգիստ և հավասարակշիռ պահվածք, խուսափել այն ամենից, ինչը կարող է անհանգստացնել գործընկերներին: Վայելուչ չէ գոռալ, սուլել, աղմկել, դռներն աղմուկով ծածկել, կռվել, երկիմաստ և գռեհիկ արտահայտություններ անել:

Յուրաքանչյուր աշխատողի պատքն է հետևել իր աշխատասեղանի մաքրությանը և կարգ ու կանոնին: Սուրճի և թեյի բաժակները, թխվածքը, պայուսակը, դիմահարդարման միջոցները հարկավոր է դարակում աննկատ պահել, ոչ թե դնել աշխատասեղանին՝ պաշտոնական փաստաթղթերի հետ միասին:

Աշխատավայրում պատշաճ չէ նաև ոչ աշխատանքային գործերով զբաղվելը, ինչն ավելի հաճախ անում են կանայք (կարել, գործել, խաչբառ լրացնել, մազերը հարդարել և այլն):

Այցելուները հիմնարկի աշխատողից ակնկալում են գործնականություն, սիրալիրություն, օգնելու պատրաստակամություն, արագաշարժություն:

Պատրաստակամ աշխատողը սիրալիր հարցուփորձ է անում այցելուին, պարզում նրա նպատակը և համապատասխան օգնություն ցույց տալիս(իր իրավասությունների շրջանակում): Եթե նրան դիմում է այնպիսի այցելու, որը վատ է լսում կամ անկարող է արտահայտել իր մտքերը, աշխատողը չպետք է կոպտի նրան, այլ փորձի հասկանալ և օգնել: Բարոյական տեսակետից անընդունելի է ստիպել այցելուին ՝ վազվզել հիմնարկից-հիմնարկ, բաժնից-բաժին կամ ինչ-որ խնդրի առթիվ բազմիցս կանչել աշխատավայր, և, ի վերջո հարցը չլուծել:

Վարվեցողության վերը նշված կանոնները վերաբերում էին հիմնարկի աշխատողներին, սակայն հիմնարկների հետ առնչվելիս այցելուները նույնպես պետք է պահպանեն որոշակի նորմեր: Այցելուն, իր հերթին, հիմնարկի աշխատողի հետ պետք է լինի սիրալիր ու քաղաքավարի և իր ասելիքը, միտքը շարադրի պարզ ու հստակ:

Հիմնարկի մուտքի դուռը չեն շխկացնում: Աշխատասենյակ մտնելուց առաջ հարկ է դուռը թակել, իսկ ներս մտնելիս՝ բարևել: Եթե այցելուն տեսնում է, որ աշխատողը դրամ է հաշվում, գրում է կամ հաշիվ է անում, պետք է սպասի, մինչև նա ավարտի և հետո միայն դիմի նրան: Այցելուի խոսքը պետք է լինի սիրալիր (սիրալիր տոնը մեծացնում է գործի հաջողության հավանականությունը) և քաղաքավարի: Հարկ է միշտ գործածել քաղաքավարության տարրական արտահայտությունները՝ «Շնորհակալություն», «Խնդրեմ» և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել