ԱՄՆ Գերագույն դատարանն արգելել է ուսանողների ընդունելության ժամանակ հաշվի առնել նրանց ռասսան

ԱՄՆ Գերագույն դատարանը փաստացի արգելել է համալսարաններին օգտագործել ռասայական գործոնը՝ ուսանողների ընդունելության ժամանակ։ 6 ընդդեմ 3 ձայնով դատավորները որոշեցին, որ Հարվարդում և Հյուսիսային Կարոլինայի համալսարանում ռասայական հիմունքով ընդունելության ծրագրերը հակասահմանադրական են:

Դատարանի որոշումը վերջ կդնի տասնամյակների պրակտիկային և կազդարարի ամերիկյան բարձրագույն կրթության նոր դարաշրջանի սկիզբը, գրում է Bloomberg-ը։

ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորները հայտարարել են, որ Հարվարդի քոլեջի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ծրագրերը խախտում են Սահմանադրության հավասար պաշտպանության դրույթը: Գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը հերքել է այն պնդումները, որ ծրագրերը պետք է ապահովեն համալսարանի բազմազանությունը:

Վճիռը կարող է նշանակել, որ ԱՄՆ առաջատար համալսարաններում ավելի քիչ սևամորթ և իսպանախոս ուսանողներ կլինեն, իսկ հարյուրավոր դպրոցներ ստիպված կլինեն փոխել իրենց ընդունելության քաղաքականությունը:

Նշվում է, որ դատարանի 9 դատավորներից 3-ը՝ Սոնյա Սոտոմայորը, Ելենա Քագանը և Քեթանջի Բրաուն Ջեքսոնը դեմ են արտահայտվել դրա որոշմանը։

«Այսօր այս դատարանը մի կողմ է թողնում տասնամյակների նախադեպը և ազգին պարտադրում ռասայական կուրության մակերեսային կանոն: Այս որոշման կործանարար հետևանքները հնարավոր չէ գերագնահատել»,- իրավիճակը մեկնաբանել է Սոտոմայորը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Bloomberg-ը, ԱՄՆ Զինված ուժերի որոշումը դեռևս հնարավորություն է տալիս ազգային ռազմական ակադեմիաներ դիմելիս հաշվի առնել ռասան։

Երկար տարիներ համալսարանների հավաքագրման ժամանակ ռասայական նախապատվությունների հակառակորդները փորձում էին իրենց գործը պաշտպանել դատարաններում: Այս գործընթացներից շատերին աջակցում էր «Ուսանողներն արդար ընդունելության համար» կազմակերպությունը՝ նախկին ֆոնդային բրոքեր Էդ Բլումի գլխավորությամբ:

Խումբը, մասնավորապես, պնդում էր, որ Հարվարդը ոտնահարում է ասիական ծագումով ամերիկացիների իրավունքները ընդունելության ժամանակ՝ նվազեցնելով նրանց միավորները (օրինակ՝ առաջնորդության մեջ) և ինքնաբերաբար նախապատվությունը տալով աֆրոամերիկացիներին և իսպանացիներին: Հարվարդի վարչակազմը հերքել է այս մեղադրանքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել