Կարեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Նարեկ Հովհաննիսյանի, ոմն Լևոնի և Զաքարի հետ, արտարժույթի փոխանակմամբ զբաղվող, Ավան Դուրյան թաղամասի բնակիչ Նորայր Կոստանդյանի գումարը ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, 2005թ. դեկտեմբերի 13-ին գնացել են Ավան Դուրյան թաղամաս, որտեղ նախնական դերաբաշխմամբ, ոմն Զաքարի հետ նույն շենքի 3 հարկում սպասել են տուն վերադարձող Նորայր Կոստանդյանին, վերելակի դռները բացվելուց հետո ուժի գործադրմամբ ոմն Զաքարի հետ շնչահեղձության աստիճան սեղմել են Կոստանդյանի կոկորդից, փակել բերանը` սպառնալով սպանել, հարվածել են նրան` պահանջելով իր մոտ գտնված գումարները և վերջինիս բաճկոնի գրպանից 1.000.000 ՀՀ դրամ հափշտակելուց հետո դիմել են փախուստի: Այս մասին Իրավաբան.net-ը Տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Ամբաստանյալ Կարեն Առաքելյանը կալանավորված է: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու, որպես խափանման միջոց գրավ կիրառելու կամ ստորագրություն չհեռանալու մասին պաշտպանի միջնորդությունը դատարանը մերժել է: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net