Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդուրը 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոալիցիայի 7-րդ համաժողովի ժամանակ որոշում էր ընդունել, որ առաջաիկա տարում կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահությունը 6 ամիս ժամկետով կստանձնեն «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը (09․12․22-08․06․23 թթ․) և «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահի խորհրդական Հակոբ Ավագյանը (09․06․23-09․12․23 թթ․)։
Մովսես Արիստակեսյանը ներկայացրել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի իր նախագահության ընթացքում կատարված աշխատանքը։
«2022 թ․ դեկտեմբերի 9-ից մինչև 2023 թ հունիսի 8-ն ընկած ժամանակաշրջանում, իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ, այդ թվում.
- ընդունվել են 5 կարևոր հայտարարություններ ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև Արցախի շրջափակման մասին,
- գործընկեր ՔՀԿ-ների հետ համագործակցությամբ իրականացվել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության այլընտրանքային մոնիտորինգի մասին զեկույցի պատրաստում, կազմակերպվել է դրա հանրային քննարկում,
- Կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետները ՀՀ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի շրջանակներում մասնակցել են 5-րդ ռազմավարության նախագծի մշակմանը,
- պատրաստվել են մի շարք մասնագիտական կարծիքներ հանրային քննարկման ներկայացված օրինագծերի, ոլորտային ռազմավարությունների, հայեցակարգերի վերաբերյալ, որոնք ուղարկվել են պատկան մարմիններին՝ քննարկելու և դրանց լրամշակման ժամանակ հաշվի առնելու նպատակով,
- մասնակցություն ենք ունեցել ՀՀ 2024-2026թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրերի ու 2024թ․ բյուջետային հայտերի նախագծերի հանրային քննարկումների գործընթացին, որոնց արդյունքներով պատրաստվել են դիտողություններ և առաջակություններ, որոնք ուղարկվել են համապատասխան մարմիններին՝ քննարկելու և հետագայում հաշվի առնելու նպատակով,
- պատրաստվել և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացվել 2 բողոքներ՝ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ոտնահարող փաստերի մասին՝ պահանջելով ՀՀ սահմանադրական դատարանում քննարկելու ՀՀ հարկային օրենսգրքի ու ՀՀ կառավարութրան որոշումների իրավակարգավորումների սահմանադրականությունը,
- անց է կացվել կառավարման խորհրդի 9 նիստ, որի ժամանակ քննարկվել են կարևորագույն հարցեր,
- պատրաստվել է ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաների մասին տեղեկանք, ինչը պետք է ուղարկվի ՀՀ իրավասու մարմիններին՝ ՀՀ օրենսդրությունը բարելավելու նպատակով,
- իրականացվել է ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմի մրցույթի անցկացման ապօրինությունների մասին հետաքննություն,
- և այլն»: