Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաև մեղվանոցների, փեթակների տեղադրում, խոտհունձ և արածեցում` անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա:
Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող է իրականացվել գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման, ինչպես նաև խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերի օգտագործում` վարձակալության պայմանագրի հիման վրա:
Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածքներում արգելվում են ծառերի հատումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի հավաքումը:
Անտառներում խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումն արգելվում է:
Կողմնակի անտառօգտագործման կարգը պետական և համայնքային անտառային հողերում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: