Կալանքի տակ գտնվող դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում՝ դատապարտյալներին անջատ պահելու չափանիշներին համապատասխան:
Դատապարտյալի վրա տարածվում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ազատազրկման դատապարտված անձի համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կրելու պայմանները, բացառությամբ կալանք պատժատեսակի համար օրենքով սահմանված առանձնահատկությունների: Դատապարտյալին տեսակցություն չի տրամադրվում, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության:
Դատապարտյալին չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք և փաթեթ, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաների և սեզոնային հագուստի: Դատապարտյալի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում:
Անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում մեկ անգամ տրամադրվում է մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ:
Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը՝ առնվազն երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից:
Անձնական բացառիկ հանգամանքների դեպքում (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դատապարտյալին հիմնարկի պետի որոշմամբ կարող է թույլատրվել օգտվել հեռախոսակապից կամ տրամադրվել մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն: