«Դուռը չեմ համբուրելու, որովհետև սրբավայր չի». ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանն իր՝ պաշտոնից հեռանալու մասին

Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնից հեռանալիս Ռուբեն Սահակյանը տխուր չէ, հակառակը՝ ուրախ է. գիտակցում է, որ նոր ուժ է գալու, որը կկարողանա շարունակել այն դրականը, որը կա և բազմապատկել փաստաբանների հաջողությունները: Այս մասին, քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը և հավելեց, որ քվերակել է փաստաբանության ապագա զարգացման համար:

«Համոզված եմ, որ ավելի լավ նախագահ է ընտրվելու. ես արդեն հոգնել եմ»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Նա հայտարարեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի, ինքը կշնորհավորի ընտրված նախագահին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեց, թե հեռանալիս հնարավոր է արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պես դուռը համբուրի:

«Դուռը չեմ համբուրելու, որովհետև սրբավայր չի. ամեն մարդ յուրովի է մոտենում իր պաշտոնից հեռանալուն»,- ասաց ՓՊ նախագահը:

Նշենք, որ ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 3-ին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել