«Ցավում եմ, որ դատավոր Աննա Փիլոսյանն այլևս դատական համակարգում չէ»․ Ելիզավետա Դանիելյան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը: Թեկնածու Ելիզավետա Դանիելյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նշեց, որ ցավում է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի՝ դատական համակարգում չլինելու համար։

«Ես չեմ հանդիսանում ԲԴԽ անդամ ու որևէ կերպ չեմ մասնակցում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու քվեարկությանը, ես հանդիսանում եմ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հանձնաժողովի անդամ», – ասաց նա՝ հավելելով, որ Փիլոսյանը դատական համակարգ է ընդունվել այն ժամանակ, երբ ինքը դատարանի նախագահ էր:

«Ուսանողական նստարանից ընդունել եմ աշխատանքի ու մարդկային որոշակի մտերմություն է ձևավորվել, այդ առումով, բնականաբար, ես շատ ցավում եմ, որ երիտասարդ կադրը չի աշխատում այս պահին», – նշեց Ելիզավետա Դանիելյանը:

Թեկնածուի խոսքով՝ չի կարող ԲԴԽ-ի փոխարեն պատասխանել՝ այլ որոշում կարո՞ր էր դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ կայացվել, թե ոչ։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, ըստ որի, դատավոր Աննա Փիլոսյանը պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ միայն դիմումի հիման վրա։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել