ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են գերեզմանատան հսկիչի կողմից գերեզմանատեղեր տրամադրելու գործընթացի շրջանակներում տարբեր քաղաքացիներից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը, 2015թ․ դեկտեմբերից մինչև 2021թ․ մարտն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի «Ավան» գերեզմանատան հսկիչ։ Չունենալով ՀՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ» գերեզմանատանը գերեզմանատեղիներ հատկացնելու, հուղարկավորություններ կազմակերպելու, գերեզմանատան շահագործման և պահպանման հետ կապված լիազորություններ՝ նա «Քանաքեռ» գերեզմանատանը, որտեղ տվյալ ժամանակահատվածում գերեզմանատեղիի հատկացումը կատարվել է անվճար, մի շարք քաղաքացիների հարազատների հուղարկավորության նպատակով գերեզմանատեղեր հատկացնելու համար, հանդես գալով որպես դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր տրամադրելու իրավասություն ունեցող անձ, չարաշահելով նրանց վստահությունը, վերջիններիս հայտնել է, թե իբր գերեզմանատեղերը տրամադրվում են գումարի դիմաց:
Քաղաքացիներին տրամադրելով այլ անձանց անվամբ գերեզմանի կեղծված քարտեր՝ գերեզմանատեղիի հատկացման նպատակով նա հափշտակել է տարբեր չափերով գումարներ՝ գույքային վնաս պատճառելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ` Երևան համայնքին։
Բացի այդ, 47-ամյա տղամարդը հուղարկավորության համար գերեզմանատեղիներ տրամադրելու նպատակով կազմել է քաղաքացիների անվամբ գերեզմանի քարտեր՝ դրանցում որպես հիմք ներառելով կեղծ տվյալներ։ Այդ կերպ նա հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար ստեղծել է կեղծ հիմքեր, ինչպես նաև` այդ կերպ թաքցրել նոր գերեզմանատեղիի հատկացման փաստը:
Գերեզմանատան հսկիչը նաև ստեղծել է մի քանի տասնամյակ առաջ, իբրև թե, հուղարկավորված անձանցով գերեզմանատեղիների առկայության կեղծ հիմքեր։ Դրա արդյունքում ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցման բաժնում հնարավոր չի եղել ստուգել գերեզմանի քարտում լրացված՝ իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալները, քանի որ առկա չեն եղել նախկինում՝ 1980 թվականի դրությամբ, կատարված հուղարկավորությունների վերաբերյալ հաշվառումներ: Նշված գործողությունների արդյունքում բազմաթիվ անձանց հուղարկավորությունը գրանցվել է, և «Երևանի բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից տրվել են գերեզմանների վկայականներ:
Մեկ դեպքում էլ պարզվել է, որ հուղարկավորված անձի աճյունը, վերջինիս որդու խնդրանքով, նույն գերեզմանատանն ավելի հարմար վայր տեղափոխելու համար, որպես նոր գերեզմանատեղի, օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելով՝ նա 35քմ մակերեսով հողատարածք է հատկացրել «Քանաքեռ» գերեզմանատանը հարակից՝ սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքում՝ այն համարելով գերեզմանատան տարածք: Արդյունքում, հիշյալ անձի գերեզմանատեղին տեղափոխվել է նշված հողատարածք, որի հետևանքով էական վնաս է պատճառվել այդ հողամասի սեփականատիրոջ իրավունքներին՝ վերջինիս զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ․ սեպտեմբեր ամսից մինչև 2021թ․ հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, 47-ամյա տղամարդն անարգանքի է ենթարկել հիշյալ գերեզմանատանը գտնվող ընտանեկան 3 գերեզման։ Մասնավորապես՝ նա ոչնչացրել է դրանց վրա եղած տապանաքարերը, որից հետո ազատված գերեզմանատեղին ներկայացնելով իբրև նոր գերեզմանատեղի` խարդախությամբ, գումարի դիմաց այն հատկացրել է մեկ այլ քաղաքացու՝ հարազատի հուղարկավորության համար։ Քաղաքացին 47-ամյա տղամարդու պահանջով, գերեզմանատեղին մաքրելու, գերեզմանափոսը փորելու և գերեզմանատեղի վկայականը հատկացնելու պատրվակով, փոխանցել է պայմանավորված գումարի մի մասը, իսկ գումարի մյուս մասը պետք է փոխանցվեր գերեզմանի քարը տրամադրելուց հետո: Սակայն 47-ամյա տղամարդուն չի հաջողվել ապահովել գերեզմանի վկայականի հատկացումը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով, 44-255-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (չորս դրվագ), 457-րդ հոդվածի 1-ին մասով (ինը դրվագ), 306-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 460-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: