Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1179-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծտ, որը նպատակ ունի Ադրբեջանի կողմից 2022 թվականին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության համար ևս սահմանել հավասար հնարավորություններ, ինչ նախատեսված է Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց համար։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ ինչպես ցույց են տալիս Զբաղվածության ռազմավարության նախագծի մշակման շրջանակներում իրականացված աշխատաշուկայի վերլուծության արդյունքները, 2021 թվականին 15-25 տարեկան չսովորող և չաշխատող տղամարդկանց տեսակարար կշիռը նույն խմբի տղամարդկանց թվաքանակում եղել է ամենաբարձրը՝ 53.6 % կամ 28.0 հազ. մարդ։ Նշված տարիքային միջակայքը համընկնում է բանակից վերադարձի և բարձրագույն կրթություն ստանալուց հետո՝ աշխատաշուկա մուտք գործելու ժամանակահատվածի հետ։
Նախագծով նախատեսվում է ստեղծել լրացուցիչ հնարավորություններ նշված անձանց մուտքն աշխատաշուկա դյուրացնելու համար, մասնավորապես՝ ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։